Posted in Uncategorized

Ե՛վ իրական, և՛ ցնորք…

Փետրվարի 14…Քաղաք Աշտարակ… Շշմելու բնակավայր…
Պտտվում էին երթուղայինի անիվները, ու այդ պտույտից առաջացած ձայնը կարծես շշնջում էր, որ մոտենում ենք Աշտարակին: Իսկ ինչպե ՞ս սկսել մեծ ճանապարհորդությունը. իհարկե, Աստծո օրհնությամբ… Առաջին վայրը, որ այցելեցինք Աշտարակում, Սուրբ Մարիանէ եկեղեցին էր: Մասնակցեցինք ժամերգությանը, օրհնվեցինք խնկաբույր խորհրդով:

 

 

Երբ որոշեցինք սեբաստացիներով այցելել Աշտարակ, հենց սկզբից մտքումս պտտվում էր Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը:  Այն ինձ համար առանձնահատուկ դպրոց է, միշտ տարբերվել է մյուս դպրոցներից…

Ահա, սա մի հրաշալի համագործակցություն էր Փափազյան Սոնայի, Դավթյան Նարինեի և աշտարակեցիների հետ: Շատ հաճելի էր համագործակցել Սուսաննա Բարսեղյանի հետ, քանի որ տիկինն աչքի ընկավ իր պարզությամբ, ջերմությամբ, հյուրասիրությամբ. տիպիկ հայ կին: Դպրոցը բոլորիս դուր եկավ, կարելի էր շատ նմանություններ գտնել Աշտարակեցու դպրոցի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջև. լուսավոր էր, ընդարձակ, խնամված, պարզ և գեղեցիկ: Մեր մուտքը դպրոց ազդարարեցինք երգ ու պարով, ազգայինով: Միասին սովորեցինք Թամզարան, Պսակ-պսակը, Տրնդեզը, Գնացեք տեսեք-ը … Ընդարձակ սրահում մեծ շուրջպար բռնեցինք՝ դհոլով, շվիով:

 

 

Օրը տաք էր, գարնանային: Դրսում սեբաստացիներն ու աշտարակեցիները սկսեցին ազգային խաղեր խաղալ՝  աքլորակռիվ, աղջիկ փախցնոցի, հոլ…
Դժվար էր հրաժեշտ տալ և հեռանալ դպրոցից,  բայց մեզ դեռ առջևում սպասում էր հետաքրքիր քայլարշավ:  Մենք մեր նոր, բայց արդեն հարազատացած ընկերներին հրավիրեցինք կրթահամալիր, որպեսզի նոր հաստատված կապերն ավելի ամրանան:

 

 

Որպես աշտարակցի՝ ինքս պետք է ներկայացնեի Աշտարակը: Չէ՞ որ գիտեմ նրա պատմությունը, յուրաքանչյուր քարափը, Քասախի յուրաքանչյուր ոլորանը… Գիտեմ յուրաքանչյուր շինության, տաճարի, քարի պատմությունը: Հեշտ չէ լինել աշտարակցի. մե՜ծ պատասխանատվություն է:

Աշտարակը Հայաստանի պատմական վայրերից է, ուր կան վաղ և հնագույն միջնադարում ստեղծված բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ՝ Ծիրանավոր բազիլիկ եկեղեցին, Սպիտակավոր և Կարմրավոր եկեղեցիները, Քասախի ափերը միացնող հինավուրց եռակամար կամուրջը:
Աշտարակը մեր առջև բացեց իր բոլոր գույներն ու ձևերը: Քայլեցինք շա՜տ.  հին շուկայի կողմով գնացինք դեպի Ծիրանավոր, Սպիտակավոր. ներքևում Քասախի կիրճն է, վերևում՝ հոյակերտ երկու սուրբ տաճարները (կառուցվել են 5-6-րդ դարերում): Այստեղ 4-5-րդ դասարանցիներին սիրով ներկայացրի Ծիրանավոր, Սպիտակավոր, Կարմրավոր և Սուրբ Սարգիս եկեղեցիներն իրար կապող հին ավանդությունը: Ըստ ավանդության՝ քույրերը սիրահարվում են Սարգսին, և ավագ քույրերը, որոշելով երջանկության իրավունքը զիջել փոքրին, հագնում են կարմիր և ծիրանագույն զգեստներ և նետվում են ձորը: Փոքր քույրն էլ, իմանալով այդ մասին, հագնում է սպիտակ զգստ և նույնպես իրեն գցում է ժայռից: Խեղճ Սարգիսն էլ դառնում է ճգնավոր: Հետագայում ձորի բերանին երեք եկեղեցի են հայտնվում, որոնք անվանվում են քույրերի վերջին օրվա զգեստների գույներով:

Այնուհետև Պերճ Պռոշյանի տուն-թանգարանի կողքով քայլեցինք դեպի Կարմրավոր… Այստեղ խորհրդավոր հանգստություն էր տիրում .  նստեցինք, վայելեցինք արևն ու մեղմ հովիկը: Շարունակեցինք մեր քայլարշավը, իջանք Քասախի կիրճը, տեսանք նաև 17-րդ դարի հոյակերտ եռակամար կամուրջը… Այնտեղից բարձրացանք Սուրբ Սարգիս եկեղեցին:

Երևան տանող ճանապարհին երթուղայինում լռություն էր տիրում, կարծես յուրաքանչյուրն իր մեջ վերհիշում ու վերլուծում էր այս օրը, որ հեքիաթ էր՝ և ՛իրական, և՛ ցնորք:

 

 

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիամիջավայր...

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.