Posted in Uncategorized

Վիգեն Ավետիս քանդակի դպրոցը

58384243_379128912814214_2770505603888447488_n

Ապրիլի 18-ին տեղի ունեցավ Վիգեն Ավետիս քանդակի դպրոցի պաշտոնական բացումը: Ես պետք է հպարտությամբ նշեմ, որ քանդակի դպրոցի առաջին ուսուցիչ աշակերտներից եմ:

Ինչո՞վ է կարևոր քանդակի դպրոցը: Շատ կարևոր է դպրոցում զարգացնել արվեստը՝ իր բոլոր ուղղություններով: Հայաստանում բավական  քիչ են այն դպրոցները, որտեղ դասավանդում են քանդակելու արվեստը: Երեխան իր զարգացման ճանապարհին պետք է ամեն ինչ փորձի, հասկանա, թե ո՞րն է իրեն հոգեհարազատ: Ի՞նչ են անում հայաստանյան կրթօջախները. սահմանափակում են սովորողներին միայն մայրենիով, մաթեմատիկայով և պարզագույն նկարչությամբ: Սակայն դպրոցները պետք է ուղղված լինեն երեխաներին բազմակողմանիորեն զարգացնելուն, անընդհատ նոր տաղանդներ բացահայտելուն: Այս առումով  գնահատելի է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կատարած փոփոխությունները: Քանդակի դպրոցին կից  բացվել է նաև արծաթագործության  ճյուղը: Այժմ երեխաները կարող են հենց դպրոցում ծանոթանալ արվեստի այս երկու ճյուղերին:

Հատկանշական է, որ քանդակագործության դասերը նախատեսված են ոչ միայն սովորողների համար, այլև՝ ուսուցիչների: Ես հաճույքով եմ մասնակցում քանդակի դասերին: Ինչու՞: Որովհետև աշխատանքային ժամերից հետո մարդը կարիք է ունենում հոգևոր թեթևության, մտավոր հանգստի:  Ինձ համար լավագույն հանգիստը արարելն է:

Ի՞նչ են տալիս ինձ քանդակի դասերը. պետք է նշեմ, որ շատ-շատ բան են տալիս: Առաջին կարևոր բանը, որ սովորել եմ՝ համբերելու ունակությունն է: Աշխատանքը կարող է տևել մեկ շաբաթից մինչև մեկ կամ երկու ամիս, և դու պետք է համբերատար, առանց շտապելու  ստեղծես քո քանդակը: Երկրորդ կարևոր բանը, որ սովորեցի, կենտրոնացումն է: Շուրջդ ինչ էլ որ կատարվի, դու ես ու քո քանդակը: Աշխատելու ընթացքում մտքումդ կարծես երկխոսություն ես ստեղծում. Անընդհատ զրուցում ես նյութիդ հետ, քննում ես, զննում, անընդհատ շտկում ես թերությունները: Եվ որ ամենակարևորն է, դու ընտելանում ես նրան և նրան էլ ընտելացնում ես քեզ: Նա քեզ է պատկանում, դու նրան: Դու ես նրան ստեղծել, բայց չէ՞ որ նա էլ քո մտքերի, ներքնաշխարհի մարմնացուն է, իրեղենությունը:

Ես առայժմ ունեմ մեկ աշխատանք՝ բալետի պարուհին: Ստեղծածս նյութեղենությանը շունչ տալու համար ես նրան անվանակոչել եմ ‹‹Նե››: Թեթև, եթերային աղջնակ է, ով ուղղակի պարում է: Վստահ կարող եմ նշել, որ չեմ սահմանափակվելու այս մեկ աշխատանքով: Ամեն սիրելի հինգշաբթի գնալու եմ , տքնելու եմ, բայց նոր գործեր եմ ստեղծելու՝ լավ, թե վատ, դա արդեն երկրորդական է:

 

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիամիջավայր...

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.