Posted in Uncategorized

Լավաշթխիկի ծես.հոդված

Մշակույթի պահպանման հարցում մեծ կարևորություն ունեն ծեսերը:
Ծեսը ներէթնիկական կապերի կարգավորման դեր ունի` օգնում է էթնոսի անդամներին յուրացնել խմբային նորմերն ու արժեքները, համախմբվել, ինչպես նաև հանել առօրյա կյանքի նյարդային և հոգեբանական լարվածությունը: Հետագայում պետություններն օգտագործում են ծեսի խորհրդանշական ուժն իրենց խնդիրների լուծման համար: Ժամանակի ընթացքում այն տարածվում է պետական արարողությունների և կենցաղային ձևերի վրա:

Ամեն սովորույթ չէ, որ կարելի է ծես անվանել: Այժմ ներկայացնենք, թե լավաշ թխելու սովորույթը ինչու ենք անվանում ծես: Սովորույթները կենցաղի պահպանված սովորական մասն են, ծեսերի և ծիսակարգերի բեկորները, որոնք կորցրել են իրենց առաջնային նշանակությունը, բայց պահպանել են մարդկանց միավորելու գործառույթն ամենօրյա ընդունված նորմերով: Լավաշ թխելու արարողակարգը չի կորցրել և երբեք էլ չի կորցնի  իր առաջնային նշանակությունը: Դրա համար այն վեր է սովորույթից: Հայտնի է, որ հայ ժողովուրդը հացի նկատմամբ վերերկրային վերաբերմունք ունի. հացը սրբություն է: Ուրեմն հացի արարման սովորույթը պետք է վերածվի ծեսի: Այդ իսկ պատճառով մեր նախագծի անունը «Լավաշթխիկի ծես» է:

Շատ կարևոր է, որ երեխան դեռ փոքր տարիքից մասնակից դառնա հացի արարմանը: Դրա համար էլ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տարրական դասարաններում երեխաները դառնում են այս ծեսի մասնակիցը:

Որքան էլ բացատրես փոքրիկ երեխային, որ հացը սրբություն  է, չի կարելի գետնին գցել և այլն, երեխան մեկ է՝ չի հասկանա դա: Բայց, երբ երեխային մասնակից ես դարձնում հացի արարմանը, նա սկսում է հասկանալ, թե ինչու է այն այդքան կարևոր, այդքան սուրբ:

Դասարանում մինչև լավաշթխիկի բուն ծեսը իրականացնելը, անհրաժեշտ է նախապատրաստական փուլեր անցնել: Երեխան պետք է հերթով անցնի այս փուլերը. Դասարանում կարելի է ցորեն ցանել և դիտարկել. ե՞րբ է ծիլ տալիս, ինչպե՞ս է ծիլը վերածվում ցողունի, այնուհետև հասկի: Սրա համար լավագույն շրջանը գարունն է: Կարելի է դպրոցի պարտեզի մի հատվածում ցորեն ցանել, այնուհետև խնամել: Ընթացքը հետաքրքիր դարձնելու համար կարելի է երգել հետևյալ խաղերգը՝

  • ՃՆՃՂՈՒԿՆԵՐ

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկան ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար,
Ղասաբներ դանակ բերին մորթելու համար,

Աղջիկներ թև քաշեցին փետրելու համար։
Պառավներ պղինձ դրին եփելու համար։
Դուռ-դրկից շուրջ բազմեցին ուտելու համար,
Տերտերներ խաչով եկան օրհնելու համար,
Աշուղներ սազով եկան գովելու համար.

Ա՛յ ճնճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կուտիկ,
Խմեն ջրիկ

Առվի եզրիկ,
Պստիկ-մստիկ,
Փախչեն երթան ման գալու համար։

Ճիշտ խնամելուց հետո ամռանը այն պետք է արդեն հասկ դառնա: Հետաքրքիր կլինի երեխաների հետ խոշորացույցով ուսումնասիրել ցորենի հասկը:
Աշնան սկզբին կարելի է երեխաների հետ փոքրիկ ճամփորդություն  իրականացնել, այցելել ջրաղաց, տեսնել, թե ցորենի հատիկից ինչպես են ալյուր ստանում:

Այս ամենից հետո երեխաների հետ հացի խմոր ենք պատրաստում: Խմորի պտրաստմանը զուգահեռ երգում ենք հետևյալ խաղերգերը.

  • ՏԱՏԻԿ ԶԱԼՈՒՐ ԿԸ ՄԱՂԵՐ

Տատիկ զալուր կըմաղեր,
Տատիկ զալուր կըմաղեր,
Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր մազերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր հոնքերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր թշերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր դոշերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր ուսերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր թևերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր թաթերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր բըտըվնուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր փեշերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր ոտքերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Տատիկ զալուր կըմաղեր:

Խմորը հունցելուց հետո անցնում ենք լավաշը թխելու բուն արարողությանը:Երեխաների հետ միասին գնում ենք ուսումնական ագարակի թոնրատուն: Վառում ենք թոնիրը ու սկսում ենք լավաշը թխել: Թոնրատանը տիրում է մեծ ուրախություն, որովհետև սովորողներն իրենք են թխելու-արարելու լավաշը: Լավաշթխիկի ընթացքը ուղեկցվում է երգ ու պարով.

  • ԳՈՒՆԴ ԱՆԵՄ

Գունդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ,
Տապ անեմ, ալուր ցանեմ, տապ անեմ, տապ անեմ,
Գունդ բացեմ, գունդ բացեմ, գունդ քցեմ, գունդ քցեմ,
Բատատին քցեմ, թոնրին խփեմ, հաց հանեմ, հաց հանեմ:

  • ՔՈՒՐԻԿ ԶԻԶԻ

Քուրիկ Զիզի, կայնի, խաղա, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, նստի, խաղա, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, թեշիկ մանի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, ալուր մաղի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, խմոր շաղի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, թոնիր վառի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, հացը թխի, լե, լե, լե, աշե:

  • ՋԱՂԱՑԻ ԵՐԳԸ

Ջաղացս մանի, մանի,

Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,

Ցորենը ալյուր անի,

Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:

Ջաղցի քարեր չըխկչըխկա,

Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,

Քունս անուշ կտանի,

Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:

Աղունը փոշի, փոշի,

Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,

Ալրատունը կհոսի,

Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:

Ախպեր ջան, խուրջինըդ բեր,

Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,

Ածենք լուսը ալուրի,

Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:

Բաղարջ կանեմ ջաղացի,

Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,

Հոտը խելքս կըտանի,

Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:

  • Ցորեն եմ ցանե

Կաքավ եմ սարի միջին,

Ցորեն եմ ցանե,

Ձեն կուտամ ձորի միջին,

Ցորեն եմ ցանե,

Հանդեն ծաղիկ քաղել եմ:

Ցորեն եմ ցանե,

Դաստա արել կապել եմ,

Ցորեն եմ ցանե:

 

Ցորեն եմ ցանե արտը,

Ծլե, կանաչե,

Հեռու տեղ ախբերըմ ունիմ,

Անգաջը կանչե:

 

Կաքավ եմ, քար ման կուգամ,

Ցորեն եմ ցանե,

Բլբուլ եմ, բաղ ման կուգամ,

Ցորեն եմ ցանե,

Գնացե ու էկել եմ,

Ցորեն եմ ցանե,

Չարող գուլպես կոկել եմ:

Ցորեն եմ ցանե:

 

Ցորեն եմ ցանե արտը,

Ծլել, կանաչե,

Հեռու տեղ ախբերըմ ունիմ,

Անգաջը կանչե:

  • Հաց կը թխեմ

Կրակը  թըռավ  քարից, երի, երի էրվա, օյ,օյ,

Ես կը  մեռնեմ քո դարդից, շեկո ջան, էրվա, օյ, օյ:

Ծով ա դառել մեր դաշտը, երի, երի էրվա, օյ,օյ,

Լիքը հաց ա մեր տաշտը, շեկո ջան, էրվա, օյ, օյ:

Հաց եմ թխել մըշակին, երի, երի էրվա, օյ,օյ,

Ետ եմ նստել դոշակին, շեկո ջան, էրվա, օյ, օյ:

Հաց կըթխեմ գարի ա, երի, երի էրվա, օյ,օյ,

Էս ինչ ուրախ տարի ա, շեկո ջան, էրվա, օյ, օյ:

Երեսիդ կարոտել եմ, երի, երի էրվա, օյ,օյ,

Ոնց որ վարդ մանիշակին, շեկո ջան, էրվա, օյ, օյ:

Հացը թխելուց հետո սովորողները վայելում են իրենց քրտնաջան աշխատանքը: Թխված լավաշները բաժանում են դպրոցի ընկերներին:Այդպես էին անում նաև մեր տատիկները:

Ի՞նչ է տալիս այս նախագիծը սովորողին: Նախագիծը հնարավորություն է տալիս իր մեջ ներառել դպրոցում դասավանդվող գրեթե բոլոր առարկաները:

Նախագծի նպատակը՝  անհատական և խմբային՝ լեզվական, մաթեմատիկական, բնագիտական, երաժշտական, տեխնոլոգիական գործունեությունների միջոցով նախապատրաստել և իրականացնել «Լավաշթխիկ» ծեսը ուսումնական ագարակի թոնրատանը:

Խնդիրները, գործունեությունը

  • Կարդալ տեղեկատվական նյութեր  հացի տարբեր տեսակների մասին, դիտել տեսանյութեր ցորենից հաց ստանալու, լավաշ թխելու գործընթացի մասին:
    Երեխաները համացանցում փնտրում և գտնում են տարբեր նյութեր, ընթերցում են, վերցնում հետաքրքիր նյութերը և տեղադրում իրենց բլոգներում:
  • Ուսումնասիրել տարբեր երկրների հացերի տեսակները՝  տեղեկույթ որոնելով համացանցում:
    Քանի որ լավաշը հայկական հաց է, տեղին կլինի ուսումնասիրել այլ ժողովուրդների հացերը, դրանց բաղադրատոմսերը:
  • Կարդալ ավանդություններ հացի մասին:
    Համացանցում, գրքերում շատ-շատ են հացի մասին ավանդություններն ու ավանդապատումները: Կարելի է դրանցից ընտրել մի քանիսը և ուսումնական նյութ դարձնել:
  • Հորինել պատմություններ հացի մասին:
    Այս տարիքի երեխաների համար շատ կարևոր է հորինելը: Երեխան պետք է օգտագործի իր անսահման երևակայությունը:
  • Հաշվարկել, թե ընտանիքը մեկ օրվա, շաբաթվա ընթացքում քանի՞ հաց է ուտում:
    Հետաքրքիր կլիինի, եթե լավաշթխիկը բերենք նաև մաթեմատիկայի տիրույթ: Երեխաները կարող են մաթեմատիկական հետաքրքիր խնդիրներ ստեղծել և ընկերներին առաջարկել դրանք լուծել:
  • Ուսուսմնասիրել, թե ինչ է անում մայրիկը ճաշից ավելացած հացը: Դպրոցի մառանում ստեղծել  հացը հավաքելու, չորացնելու անկյուն:
    Այս խնդիրը նույնպես կարելի է հեշտ հաղթահարել: Դպրոցի խոհանոցի ավելորդ հացով երեխաները կերակրում են ագարակի բնակիչներին:
  • Տեղեկատվական նյութեր
    Երեխաներն ունեն փնտրելու և գտնելու անսահման հնարավորություն: Նրանք պետք է հետաքրքրասեր լինեն, փնտրող և պրպտող: Չպետք է բավարարվեն ուսուցչի հանձնարարած նյութերով: Անհրաժեշտ է, որ երեխաներին խրախուսենք, որ իրենք էլ նման նյութեր գտնեն, ընթերցեն և կիսվեն իրենց ընկերների հետ:

Այս նախագծի շնորհիվ երեխաները մասնակից կդառնան հացի արարմանը, կհասկանան, թե որքան բարդ և պատասխանատու աշխատանք է հաց ստեղծելը: Կսովորեն հացը ճիշտ օգտագործել, չփչացնել:

[1] Ա.Ա. Գեղամյան, «ԾԵՍԸ, ԾԻՍԱԿԱՐԳԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՒՅԹԸ՝ ՈՐՊԵՍ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ», էջ 356:

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիամիջավայր...

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.