Կամ և կամ էլ կամ…
Խորխե Լուիս Բորխեսի «Որոշ ժամանակ անց» բանաստեղծությունը մարդկային էության ու ժամանակի հետ ունեցած կապի մի մեծ փիլիսոփայություն է: Հեղինակը բանաստեղծության մեջ ոչ մի արցունք չի թափում. նա զբաղված չէ ավանդական լացով, բայց զգացվում է անհուն ափսոսանքի խորը շունչը: Ընթերցելիս զգում ես, որ հեղինակին չի բավականացնում ժամանակը, տեսնում ես նրա ներքին պայքարը ժամանակի և մարդու ուշացող էության հետ: Նա փորձում է մարդկային սխալներն ու թերացումները դիտարկել ժամանակի մեջ, իսկ ժամանակը հենց մենք ենք, որ կանք: Հեղինակը ամեն կորածն ու չհասկացվածը խճճում է ժամանակի մեջ և նրբորեն դուրս հանում այդ նույն ժամանակից:
«… Եվ սովորում ես ու սովորում ես… և ամեն օրվա հետ սովորում ես»: Բայց չէ՞ որ սովորելը կապված է ինքնակորստի հետ, և այն ինչ ես էի, այլևս ես չեմ: Երեկ ես ուրիշ էի, այսօր ուրիշ եմ և վաղն էլ եմ ուրիշ լինելու, բայց ժամանակի հետ՝ ինքս ինձ հետ:
Մարդը միշտ ձգտում է դեպի ապագան, սակայն «ժամանակի հետ հասկանում է, որ իրականում լավագույնը ապագան չէր, այլ այն պահը, որ ապրում էիր այդ վայրկյանին», բայց այդ պահն արդեն անցյալ է. մարդը միշտ վերադառնում է իր անցյալ: Անցյալն այն հարազատ շիրիմն է, որ միշտ լուռ, անփոփոխ ու սառը հայացքով դիմավորում է քեզ: Անցյալը արսափելի բան է:
Բորխեսի մարդն անընդհատ փոխվում է, և դա կյանքի բնական ընթացքն է, քանի որ մարդը միշտ կոտրատվում է, տիկնիկ լինել չի կարող, նա կտրում է բոլոր թելերը և ձգվում դեպի անհուն տարածություն: