Բանաստեղծություններ

ԵՂևՆԻՆ

Գունատ աշուն է, էլ չկա թռչուն,
Քամու թևերին տերևն է թռչում:
Միայն եղևնին, այնտեղ խոր հովտում
Կանաչ է հագել, աշնան դեմ ժպտում:

ՁՄԵՌ

Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից:

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց:

Ձյունը ծնկահար
Նստեց մեր ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին:

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ

-Վա՜յ մայրի՜կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ:
-Չէ՛,իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ:
Էտ ձյուն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի:

ԱՐԻ՛, ԱՐԻ՛, ՁՄԵՌ ՊԱՊԻ

Արի՛, արի՛,
Ձմեռ Պապի,
Սպիտակ հագի,
Սպիտակ կապի:
Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Առ թևիդ տակ:

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր:
Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Ա՛յ, անուրագ,
Անձեռ վարպետ:

Advertisements