Գիտելիքի օրը Բ4-ում

Բանգլադեշյան խամրած միջավայրի միակ գունավոր հատվածում` Մխիթար Սեբաստացիում այսօր կրկնակի տոն էր: Իսկ ինչու՞ կրկնակի: Սեբաստացիում յուրաքանչյուր օր տոն է, իսկ այսօր ավելացավ նաև Գիտելիքի օրը` որպես տոն: Ամենահաճելի բանը մանկավարժի կյանքում այն է, որ հասնում ես դպրոցի բակ, ու քեզ անմիջապես շրջապատում են փոքրիկ հրաշամանուկներն ու ասում, որ իրենք իմ սանն են: Եվ էլ ավելի հաճելի է, երբ սաներիդ հետ կազմած շրջանն անընդհատ մեծանում է: Սեպտեմբերի 1-ը դարձավ մեզ համար իսկական տոն այն ժամանակ, երբ հասկացանք, որ արդեն նոր ընկերներ ունենք ( ես, բացի նրանց դասվարը լինելուց, նաև նրանց ավագ ընկերն եմ):
Ուսումնական օրը սկսեցինք մեր գեղեցիկ ավանդույթով`Անդաստանով:Ընդհանուր պարապմունքը շատ հաջող ստացվեց: Այնուհետև սկսվեց մեր լուսավոր դասարանի եռուն կյանքը.մարզվեցինք, երգեցինք, պարեցինք, խաղացինք` ինչքան շունչներս հերիքեց: Բանգլադեշյան շոգը թոթափեցինք մեր մաքուր ու խնամված լողավազաններում: Ամեն ինչ հրաշալի էր: Անհրաժեշտ էր մի փոքր հանգստանալ, և մեր հանգիստը նույնպես արդյունավետ կազմակերպեցինք: Ընթերցեցինք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից, բերանացի արեցինք կոկորդիլոսի մասին մի գեղեցիկ Ոտանավոր:

Advertisements