Դանիել Վարուժանի «Արմենուիհն» պոեմի ստեղծագործական մշակումների լեզվաոճական քննություն

Գրողի ստեղծագործական մտածողության բացահայտման, գրական երկի գեղարվեստական արժեքի բնութագրության արդյունավոր ուղիներից մեկը տեքստի լեզվաոճական վերլուծությունն է: Դա նպատակ ունի քննության առնելու ոչ միայն ստեղծագործական գործընթացի վերջնական արդյունքը, այլև արդյունքի ստեղծման ողջ ընթացքը:[1]

Որպես քննության նյութ ընտրել ենք Դանիել Վարուժանի  «Արմենուհին»  պոեմը:
Մեր խնդիրն է եղել ուսումնասիրել «Արմենուհին» պոեմի տարբերակները, գտնել լեզվական և ոճական տարբերությունները, քննել դրանք և բացատրել փոփոխությունների պատճառները: Պոեմն ունի բնագրային տարբերակներ և անցել է գեղարվեստական մշակման արդյունավոր ուղի: Ստեղծագործության  «պատմական մասը»  բանաստեղծին հուշել է Վենետիկի Մխիթարյան միաբանության բանասերներից Ներսեհ Անդրիկյանը: Պոեմի նախնական տարբերակը հեղինակը ուղարկել է Արշակ Չոպանյանին՝  Փարիզում լույս ընծայվող նրա «Անահիտ» հանդեսում հրատարակելու համար: Նախապես շարադրանքը եղել է արձակ. Արշակ Չոպանյանի խորհրդով հեղինակը այն վերածել է չափածոյի. «Կուզեի տեսնել Արմենուհին իր նոր ձևին մեջ,- իր նամակներից մեկում գրում է Չոպանյանը,- լավ եք ըրեր հանգավոր ոտանավորի վերածելով»:[2] Դանիել Վարուժանի գործերին նվիրված աշխատություններում նրա գրական-գեղարվեստական մշակումների, կատարված հեղինակային սրբագրությունների մասին եղել են ուշագրավ դիտարկումներ. Յուրի Ավետիսյանը իր «Արևմտահայ բանաստեղծների ստեղծագործական մշակումների լեզվաոճական վերլուծություններ» գրքում անդրադարձել է Վարուժանի մի քանի ստեղծագործություններին՝ այդ թվում և «Արմենուհին» պոեմին, սակայն ամբողջական քննություն չի կատարել:
Իր  այս պոեմում  Վարուժանը կատարել է առանձին՝ զուտ  լեզվական  փոփոխություններ. որոշ  դեպքերում  գրաբարյան բառերը փոխել է  աշխարհաբար  հոմանիշներով ( «Որ ժպրհեցավ  բանալ  դըռներդ նվիրական» => «Որ  կը հանդգնի  բանալ  դըռներդ նվիրական»), գրաբար  քերականական   ձևերը  փոխարինել է  աշխարհաբար կազմություններով ( «Կը հասնին մինչև երկու  ափունքը  գետին»  =>  «Գետին միչև զույգ ափերուն կը հասնին»):
Հանդիպում են նաև հակառակ ուղղվածությամբ փոփոխություններ՝ աշխարհաբարից գրաբար. «Վեր ցըցած՝ զույգ ափերն իրար կը զոդեն» =>  «Կը միացնեն զույգ ափունքներն այն իրար», «Իբր արծաթ դույլ մ’իր պարանեն կըտըրված»  => «Իբր իր տոռնեն կըտըրված դույլ մը չըքնաղ»: Որոշ դեպքերում նաև գրական բառը փոխարինել է բարբառային երանգ ունեցող բառով, ինչպես՝ «Կ’ոստնու թուփերն ու եղեգներն ճեղքելով» => «Կ’ոստնու թուփերն , ու ճեղքած մեն մի պըրտու»: Այս փոփոխությունն այնքան էլ արդարացված չէ, քանի որ «պրտու»-ն բարբառային երանգ ունի և գրական զուգահեռի համեմատությամբ (եղեգն) բնավ հնչեղ ու բանաստեղծական չէ:

Փոփոխությունների մյուս մասն ունի գաղափարական-բովանդակային ուղղվածություն. «Գետն է պղտոր. Երասխ գետն է.»  => «Գետն է պղտոր. Արազ գետն է.»: Արաքս գետը հայկական աղբյուրներում կոչվել է նաև Երասխ, իսկ պարսկականում՝ Արազ: Քանի որ վիպերգը հյուսված է պարսից Շահ Աբասի վայրագությունների շուրջ, հավանաբար Վարուժանը նախապատվությունը տվել է Արազին :

«Կը սպասեմ իմ գեղագանգուր Ավարիս»: Նախնական տարբերակը եղել է.
«Ես կը սպասեմ իմ գեղեցիկ Ավարիս»: «Գեղեցիկ» բառը փոխարինել է   «գեղագանգուր» բառով:  Շահ Աբասի ավարը հայ կին է՝ հմայքով ու առինքնող, գեղեցիկ ու բազմաճոխ վարսերով. «գեղագանգուր»-ը ավելի է ընդգծում Արմենուհու կերպարը, նրա կանացի հմայքն ու գեղեցկությունը

«Եվ Կույսն իբրև աստվածուհի մը մե՜րկ է»: Այս տողի նախնական տարբերակը եղել է՝ «Եվ հայուհին իբրև աստված մը մե՜րկ է»: Այստեղ Վարուժանը  «հայուհի» բառը փոխարինել է «Կույս»-ով: «Կույս»-ը հաղորդում է անաղարտության իմաստ, իսկ «աստվածուհին»  ավելի գեղեցիկ է հնչում և ավելի է ընդգծում կնոջ առաքինի լինելը:

Բառի, դարձվածքի ճիշտ ընտրությունը խոսքին դիպուկություն և նպատակային սլացք է տալիս: Եթե բառը չունի երևույթը լիարժեք ներկայացնելու կարողություն, չի արժանանում գրողի ուշադրությանը:[1] Պոեմի արժեքը ամենից առաջ բռնության և անարատ մաքրության հակադրության մեջ է, և Արմենուհու մարմնական գեղեցկության պատկերները սրում են այդ հակադրությունը:[2] Եվ ահա այս հակադրությունը երևում է հետևյալ տողերում. «-Ո՛վ իմ քույրեր,// Ամբողջ չքնաղ, ամբողջ մաքուր երինջ մ’եմ՝// Զոր պիղծ կուռքի մը զոհելու կը տանին»: Նախնական տարբերակում Վարուժանը «պիղծ»  բառի փոխարեն գործածել է «սուտ»- ը: «Պիղծ»-ն ավելի լայն բովանդակություն ունի, ավելի խորը պատկերացում է տալիս Շահ Աբասի մասին: Այս բառն իր մեջ պարունակում է Շահի ամբողջ բնութագիրը: «Պիղծ» բառն ունի հետևյալ իմաստները. 1. անսուրբ, զազիր, աղտեղի, 2. մեղավոր, մեղք, 3. խարդախ: Փոփոխությունն ամբողջովին արդարացված է:

«Առաջինն այն աղջիկներեն՝ նուրբ լաթով // Մ’որ բանված է պատվերներով Ղուրանին» => «Առաջինն այն աղջիկներեն՝ նուրբ լաթով // Մ’ուր Ղուրանեն պատվիրաններ բանված են»: Այստեղ «պատվերներ» ը փոխել է «պատվիրաններ» բառով: Վերջինս եկեղեցական տերմին է և ունի կրոնաբարոյական պատվեր իմաստը, իսկ «պատվեր» բառն ունի հանձնարարություն, առաջարկ իմաստները: Եվ քանի որ Ղուրանը մուսուլմանների սուրբ գիրքն է , կրոնական նշանակությամբ այստեղ ճիշտը «պատվիրաններ» բառն :

Վարուժանը կատարել է այնպիսի փոփոխություններ, որոնք անհամեմատ պատկերին տալիս են նոր շունչ ու թարմություն, դարձնում են այն առավել տպավորիչ ու ազդեցիկ, ինչպես՝ «Մըրմըռալով կու գա ալիք մ’հեռվեն» => «Մըրմըռալով կու գա ալիք մ’ահարկու»:  «Արմենուհի՛,  հոնքերդ են նման գաֆ տառին» => «Արմենուհի՛, հոնքերդ են նման շին տառին»: Շին տառը արաբական այբուբենի 13-րդ տառն է, որը ձեռագրով շատ է նման նորալուսնի կամ աղեղի: Գաֆ տառը ձեռագրում նույնպես աղեղի է նման, բայց ոչ այնքան, որքան շին տառը: «Աստղերն ի վեր մըրմընջող» => «Աստղերն ի վեր գեղգեղուն»: Նախնական տարբերակում «մըրմընջող» բառը պատկերը թուլացնում է, իսկ «գեղգեղուն»-ը պատկերին բերել է թարմություն, խոսքին՝ շարժման յուրահատուկ զգացողություն: «Այսօր,ահա, իբրև ժառանգ կը շողա»  => «Այսօր ահա իբրև հրետակ կը շողա» => «Այսօր ահա իբրև հրեշտակ կը շողա»:
Վերջնական տարբերակում  գործածել է «հրեշտակ»  բառը  կարծես ծաղրելու համար Շահ Աբասին, որին նախորդ տողերում այսպես է նկարագրում. «Ան վսեմ է, ահեղ, զերդ անգըղ մ’որուն //Կեռ կըտուցեն կը կաթկթի տակավին // Արյունն որսին»:

Վարուժանը կատարել է նաև այնպիսի փոփոխություններ, որոնք խոսքին առանձնապես նոր երանգ չեն հաղորդում . «Հուրիներուն թագուհին է վարսագեղ» => «Հուրիներուն թագուհին է սևագես»: «Մայրամուտի բոցերուն մեջ թաթաղուն» => «Մայրամուտի բոցերուն մեջ թաթախված»: Կան տողեր, որոնք Վարուժանը փոփոխել է մի քանի անգամ.

Իր հեղինակային մշակումներում Վարուժանը անհաջող համեմատություններն ու  անճիշտ արտահայտությունները փոփոխել ու ճշգրտել է, ինչպես՝  «Արմենուհի՛,  այտերդ այրող նուռեր են» => «Արմենուհի՛, այտերդ հասուն նուռեր են»:  «Արմենուհին իբրև արծվիկ նորաթռիչ // Կը չափչըփե  աչքով վիհն այն լայնալիճ… » : Սա այն հատվածն է, երբ Արմենուհին փորձում է Արազ գետի միջով անցնել և ազատվել գերությունից, անցնում է խարակների՝ քարերի վրայով, սակայն վեջինը դավաճանում է կույսին. նա ընկնում է խորխորատը:
Սրա նախնական տարբերակը եղել է այսպես. «Կույսն իր տեղեն ճերմակ բադի մը նման // Կը        սլանա այն ժայռերեն մեկուն վրա»: Արմենուհուն բադի հետ համեմատելը սխալ է, քանի որ բադը ջրում չի խեղդվում, հեղինակը սա ուղղել է և Արմենուհուն համեմատել է նորաթռիչ արծվիկի hետ:
«Ծառերուն մեջ լալով կ’երգեն իր վրա, // Եվ Արուսյակն ապառաժին վերևեն // Հուղարկավոր կ’ըլլա քրոջն այդ մեռած»:  Վարուժանը այս տողերը փոփոխել է . «Լալով կերգեն եղեգներուն մեջ դողդոջ. // Տըժգույն լուսինն երկընքին վրա՝ թախծալից // Հուղարկավոր կըլլա մեռած իր քրոջ»:
Բնությունը պետք է սգար անմեղ կույսի մահը: Որպեսզի սգավոր բնության պատկերն ավելի տպավորիչ լինի, հեղինակը մակդիրներ է ավելացնում, իսկ դրանք քնարերգության մեջ առավել ներգործուն գաղափարական դեր ունեն: Այստեղ մակդիրը փոխարինում է ծավալուն նկարագրությանը՝ հօգուտ կարճաբանության: Կատարում է նաև մի կարևոր փոփոխություն՝  քրոջն այդ մեռած < մեռած իր քրոջ՝  բնությունը դարձնելով Արմենուհու միակ հարազատը, որ մինչև մահ ուղեկցում է նրան:
Հեղինակը կատարել է նաև այնպիսի փոփոխություններ, որոնց միջոցով ընդգծել է  պոեմի գլխավոր հերոսուհու՝ Արմենուհու բնավորությանը բնորոշ հաստատակամությունը. «Չըկըրնալով կամքս ծռել պիտ’ կոտրեն. // Պիտի սպանեն զիս մարմնույս մեջ կամ հոգվույս»: Այս տողերում կատարել է հետևյալ փոփոխությունը. «Որպեսզի հարճ չըլլամ՝ ըլլամ պիտի դի. //Վաղն արյունս իմ թարթիչներես պիտ’ կաթի»: Առաջին տարբերակում Արմենուհու մոտ կասկածանք ենք տեսնում. մեռնել մարմնով կամ հոգով: Իսկ Արմենուհին պատրաստ էր մեռնել, միայն թե Շահ Աբասի հարճը չլիներ: Հայուհու մեջ երկմտանք պիտի չլիներ:
Այսպիսով՝ լեզվական քննություն կատարելիս եկանք այն եղրակացությանը, որ Վարուժանի կատարած սրբագրություններում զուտ լեզվական փոփոխությունները քիչ են, սակայն եղածից էլ երևում է, որ հեղինակը դրանք կատարել է հօգուտ աշխարհաբարի, ձգտել է իր բանաստեղծական լեզուն մաքրել և կանոնարկել (թե՞ նորմավորել): Վարուժանի կատարած փոփոխությունները հիմնականում ունեն ոճական-արտահայտչական ուղղվածություն: Դրանց մեծ մասը կատարել է խոսքը սեղմ դարձնելու, պատկերի տպավորիչ ու ազդեցիկ լինելու համար: Սխալ համեմատություններն ու արտահայտությունները, որոնք թուլացնում են պատկերի ուժը, փոփոխել է, և հենց այդ փոփոխությունների միջոցով էլ «Արմենուհին» պոեմը մշակվել ու կատարելագործվել է, որի արդյունքում այն դարձել է արևմտահայ բանաստեղծության լավագույն օրինակներից մեկը:

[1] Տե՛ս Զ. Ավետիսյան, Թումանյանի ստեղծագործական լաբորատորիան, Երևան, 1973, էջ 99:

[2] Տե՛ս Վ. Գաբրիելյան, Դանիել Վարուժան, Երևան, 1978,  էջ 198:

[1] Տե՛ս Յու. Ավետիսյան, Արևմտահայ բանաստեղծների ստեղծագործական մշակումների լեզվաոճական վերլուծություններ,Երևան, 2012, էջ 3:

[2] Տե՛ս Ա. Չոպանյան, Նամականի, Երևան, 1980, էջ 93: